Tag: Արցախ․ ռազմական գործողություններ

214 գրառումներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Առավոտից Արցախի Հանրապետության ղեկավարությունը բնակչությանը կոչ է արել պատրաստվել եւ պատսպարվել, դուրս չգալ փողոց, քանի որ քաղաքացիական բնակավայրերի վրա հրետակոծությունը չի դադարել։ Ադրբեջանի՝ քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու հետևանքով Արցախ ունի քաղաքացիական զոհեր՝ մեկ երեխա եւ մեկ կին։

Առավոտյան ժամը 11-ի դրությամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են:

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի վստահեցմամբ, փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, եւ տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում, էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր։

Առավոտյան ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Նախարարը ներկայացրել է  սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը  սանձազերծել է հերթական սադրանքը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է արել միջազգային հանրությանը՝ համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել ԱՀ հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

ՀՀ ՄԻՊ-ը կոչ է արել միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ քայլեր ձեռնարկել և ուղղել իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիան և բռնությունը:

Ժամը 12-ի շրջանակներում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ Հակառակորդը հիմնականում խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: ՀՀ վարչապետը զորքերին կցագրված անձնակազմերին կոչ է արել ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային

«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային

Լրահոս
0