Թուրքիայի հետ կապված սիրիացի հարյուրավոր զինյալներ ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ․ The Wall Street Journal

Թուրքիայի հետ կապված սիրիացի հարյուրավոր զինյալներ ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ․ The Wall Street Journal

Ամերիկյան «The Wall Street Journal» թերթը պնդում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: 

Ինչպես ներկայացնում է ТАСС-ը, հոդվածում, «սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ Թուրքիայի հետ դաշինքով մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի մարտերին, հարյուրավոր զինյալներ էլ պատրաստվում են մեկնել»։

Հոդվածում նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում գտնվող թերթի երկու աղբյուրներ, որոնք կապված են զինյալների տեղափոխման հետ:

Աղբյուրների խոսքով՝ հուլիսից «սիրիացի ապստամբ խմբավորումների շրջանում սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ Թուրքիան մարտիկներ է հավաքագրում ռազմական գործողություններին մասնակցելու համար»։ Ըստ թերթի՝ սեպտեմբերի կեսերին Սիրիայից զինյալները ուղարկվել են հակամարտության գոտի «մինչև 100 հոգանոց խմբերով»։ Զինված խմբավորումների հետ կապված սիրիական աղբյուրը նշել է, որ հարյուրավոր մարդիկ են տեղակայվել, բայց «տասնյակներն արդեն վերադարձել են՝ տագնապած մարտերի սաստկությունից»:

Թերթը մեջբերում է սիրիացի ապստամբի խոսքերը, ըստ որի՝ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ հասած զինյալներին ամսական վճարում են մինչև 2000 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ «կորուստները սիրիացի մարտիկների շրջանում արագորեն աճում են»։ Ըստ այդ աղբյուրի` «մոտ 200 սիրիացի զինյալներ խնդրել են իրենց հետ վերադարձնել»։

Հրապարակման մեջ ասվում է, որ Թուրքիան երկու շաբաթ զորավարժություններ է կազմակերպել Ադրբեջանում, իսկ «Ադրբեջանի իշխանություններին  անօդաչու սարքեր է տրամադրել»: Հրատարակությունը նշում է, որ Թուրքիան, ըստ ԱՄՆ Պաշտպանության նախարարության, ավելի վաղ կազմակերպել էր  շուրջ 5 հազար զինյալների տեղափոխություն Սիրիայից Լիբիա։ 

«Լիբիա կամ Ադրբեջան զինյալներ ուղարկելը սովորական երեւույթ է դարձել»,- նյութում մեջբերվել են Սիրիայում հրապարակման աղբյուրի խոսքերը: «Մարդիկ այլևս չեն մտածում, թե ինչի դեմ կամ ում դեմ կռվել, այժմ նրանք միայն փողի մասին են հարցնում: Նրանք կգնան այնտեղ, որտեղ փող կա», — հավելել է նա։

Ինչպես նշված է նյութում, Թուրքիայի իշխանությունները ժխտում են սիրիացի զինյալներ ուղարկելու մեղադրանքները։ Ադրբեջանի իշխանությունները նույնպես հայտնել են, որ չեն օգտագործում օտարերկրյա վարձկանների:

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ infocom.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 + 6 =