Փաշինյանը վստահ է, որ առաջինը Թուրքիան է խոչընդոտում հումանիտար զինադադարի հաստատմանը

Փաշինյանը վստահ է, որ առաջինը Թուրքիան է խոչընդոտում հումանիտար զինադադարի հաստատմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ առաջինը Թուրքիան է խոչընդոտում հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տևած խորհրդակցության արդյունքում ձեռք բերված հումանիտար զինադադար հաստատելու մասին պայմանավորվածությանը: Այս մասին Փաշինյանն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում: Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար: Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը ու Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին:

«Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշել է վարչապետը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

8 + 1 =