Փարիզում հայ համայնքը բազմահազարանոց երթ է կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

Փարիզում հայ համայնքը բազմահազարանոց երթ է կազմակերպել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության: Փարիզաբնակ լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասնեց, որ հայ համայնքի կողմից կազմակերպվող ակցիաները ավելի ու ավելի բազմամարդ են դառնում, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի տվյալների համաձայն` ակցիային մասնակցել է 15 հազար մարդ:

Էլլադա Ղուկասյանը հայտնեց, որ երթի մասնակիցները Փարիզի Հաշմանդամության պալատի մոտից հայտնի կենտրոնական փողոցներով, կամուրջներով շարժվել են դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

«Երթի մասնակիցները անընդհատ կրկնում էին, որ Ֆրանսիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը և չպետք է անտարբեր մնա այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Քանի որ այսօր ակցիան մարդաշատ էր, բավականին նկատելի էր դարձել Փարիզի բնակիչների համար: Մարդիկ նայում էին, հետաքրքրվում ակցիայից և տեղեկանում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մասին»,- ընդգծեց Ղուկասյանը:

Փարիզաբնակ լրագրողի խոսքով` այսօր մեծ բողոքի ալիք էր բարձրացել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի դեմ, քանի որ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է չեզոք մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ:

«Հայերը դժգոհություն էին արտահայտում և ասում էին, որ կոնկրետ ագրեսիա է տեղի ունենում Ադրբեջանի կողմից, իսկ նա խոսում է չեզոքությունից»,- ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանը  հայտնեց, որ ակցիայի ժամանակ ընդգծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի մասնակցությունը այս ռազմական ագրեսիային, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացվել է որպես տիկնիկ Էրդողանի ձեռքին, ով իրականացնում է վերջինիս ցանկությունները:

«Քանի որ ակցիային ցեղասպանությունից փրկվածների ընտանիքներ շատ կային` իրենք անընդհատ կրկնում էին, որ թույլ չեն տալու իրենց նախնիների հետ կատարվածը նորից կրկնվի»,- եզրափակեց Ղուկասյանը:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ armenpress.am
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

− 8 = 2