Սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու փաստեր՝ միջազգային մեդիայի հրապարակումներում

Սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու փաստեր՝ միջազգային մեդիայի հրապարակումներում

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների սրացմանը զուգահեռ միջազգային լրատվամիջոցներում շարունակվում են Թուրքիայի Կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների մասին հրապարակումները:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել է, որ վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին ռազմական գործողություններ սկսելու համար՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական, դիվանագիտական, հետախուզական ու ռազմա-տեխնիկական աջակցություն:

Ըստ պարբերականի՝ հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում:

Վարձկան զինյալների մասին «Կոմերսանտը» գրել է. «Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում և Լիբիայում կռվող, Անկարային հավատարիմ իսլամիստական խմբավորումներից հավաքագրում են վարձկանների`Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանի կողմից կռվելու համար: Նրանց տեղափոխումն իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է տեղափոխվել մինչև 1300 սիրիացի գրոհային և առնվազն 150 հոգուց բաղկացած լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկվել է ամսական մինչև 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկվել դեռ սեպտեմբերի 22-ին, որոնք Սիրիայում երկշաբաթյա պատրաստություն են անցել թուրք կարգադրիչների մոտ: Նրանք «Փայլաք աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» և «Ֆիրկատ Սուլեյման Շահ» խմբավորումների անդամներ են»:

Վարձկաններին Ադրբեջան ուղարկելու պայմանների մասին գրել է նաև ամերիկյան «Վաշինգտոն փոստը»՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն առնվազն 52 սիրիացի զինյալ է սպանվել: Զինյալներից մեկի՝ Մահմուդ Նաջարի զարմիկը պատմել է«Վաշինգտոն փոստին», որ նրանց օգտագործել են հարձակողական մարտերում և ամենաթեժ կետերում:

«Առաջին օրը մեզ համազգեստ են տվել և հաջորդ օրն իսկ ուղարկել ռազմաճակատ: Այդ տարածքներում հայերը ամուր պաշտպանություն ունեն», -պատմել է զոհվածի զարմիկը:

Ամերիկյան մեկ այլ հայտնի պարբերական «The Wall street journal»-ը գրել է՝ Ադրբեջանում գտնվող զինյալներից 200-ը խնդրել են, որ իրենց հետ ուղարկեն տուն, «Ղարաբաղը դժոխք է»: «Մեզ մեռնելու են ուղարկում, բայց մենք դրանով մեր ընտանիքների օրվա հացն ենք ապահովում»,-պարբերականին ասել է մեկ այլ զինյալ, ով արդեն պայմանագիր է կնքել և սպասում է 1500 դոլար աշխատավարձով Ադրբեջան մեկնելուն:

ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն ասել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին:

«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետևյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քալը նույն հետեւանքները կունեանա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները շարունակ հերքում են Լեռնային Ղարաբաղ սիրիացի վարձկաններ ուղարկելու մեղադրանքները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ դեռևս որևէ մեկը այդ մասով չի ներկայացրել փաստեր:

Նույն հաղորդման ժամանակ թեմայի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ վարձկանների մասին արդեն խոսում է ողջ աշխարհը և միջազգային մեդիան:

Կիսվեք այս նորությունով, տարածեք՝



Աղբյուր՝ www.amerikayidzayn.com
0

Մեկնաբանություններ չկան

Առայժմ մեկնաբանություն չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

66 + = 67